«Մարդկանց եկամուտը ֆիքսելու պարտականություն և գործառույթ մենք չունենք»
15.09.2020 | 00:48
Մեկ շաբաթ է` չի դադարում աղմուկը Երևանի ավագանու ընդունած՝ «շրջակա առևտուրը կարգավորելու» որոշման շուրջ։ Ի՞նչ է այն ենթադրում՝ փորձեցինք պարզել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ ՀՈՎԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ: Քանի որ մեր զրուցակիցը համոզված էր, թե աղմուկը ուռճացված է, զրւյցը սկսեցինք հենց այդ հարցից։
-Եվ այսպես, պարոն Սաֆարյան, ինչու՞ է, ըստ Ձեզ, աղմուկը ուռճացված։
-Մի պարզ պատճառով՝ ավագանու հաստատած որոշումից վերցրել էին միայն «ՀԴՄ կտրոն» բառակապակցությունը` անտեսելով որոշմամբ սահմանված մյուս պահանջները։ Այսինքն, աղմուկը բարձրացվել է ՀԴՄ մեքենաի շուրջ, մինչդեռ որոշման մեջ հստակ գրված է. «Շրջակա առևտուր իրականացնող անձը պարտավոր է գնորդին տրամադրել վաճառքի փաստը հաստատող փաստաթուղթ»։ Տարընթերցումներից և երկիմաստ ըմբռնումներից խուսափելու համար փակագծերում նշված է, թե որոնք կարող են լինել այդ փաստաթղթերը, նշված է նաև ՀԴՄ կտրոնը։
-Եվ որո՞նք են այդ փաստաթղթերը։
-Փաստաթուղթ է հանդիսանում հաշիվ-ֆակտուրան, ՀԴՄ կտրոնը և այլ փաստաթուղթ։ Այս պահանջը բխում է օրենքի և սպառողի շահերից։ Ի վերջո, սպառողը պետք է հասկանա, թե ինչ ապրանք է գնում։ Եթե նման փաստաթուղթ սպառողին չտրամադրվի, նա չի կարող լիարժեքորեն օգտվել սպառողի իր իրավունքներից՝ ապրանքի որակի երաշխավորությունից, անորակ ապրանքը 14 օրվա ընթացքում հետ վերադարձնելուց, կեղծ տոմսերի ձեռք բերման ժամանակ իր իրավունքները պաշտպանելուց և այլ հնարավորություններից։ Փողոցում ինչ-որ մեկը մոտեցավ ինչ-որ բան վաճառեց՝ սպառողը պետք է հասկանա, թե ում հետ գործ ունի։ Եթե այս ամենը չկարգավորվի, ապա խնդիր առաջանալու դեպքում ոչ ոք չի կարողանա պաշտպանել սպառողի իրավունքը, եթե անգամ նրան խաբել են։ Երկրորդ՝ ավագանու սահմանած այս դրույթը առաջին հերթին բխում է «Հարկային օրենսգրքի» պահանջներից՝ գնորդին տրամադրել վաճառքի փաստը հավաստող փաստաթուղթ։ Սա չի նշանակում, որ շրջիկ առևտուր իրականացնողը իր մոտ պարտադիր պետք է ունենա ՀԴՄ մեքենա, նա կարող է ներկայացնել այդ ապրանքի հաշիվ-ֆակտուրան։
-Ասացիք, որ բացի ՀԴՄ կտրոնից և հաշիվ-ֆակտուրայից, կարող են ներկայացվել այլ փաստաթղթեր. որո՞նք են դրանք։
-«Եվ այլն»-ի տակ ենթադրվում են «Հարկային օրենսգրքով» և այլ ենթաօրենսդրական ակտերով ընդունված փաստաթղթեր։ Մենք չենք կարող ավագանու որոշմամբ սահմանափակենք փաստաթղթերի տեսակները։
-Պարոն Սաֆարյան, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ շրջիկ առևտուր իրականացնող անձիք հաճախ ապրանքը ձեռք են բերում անհատ քաղաքացիներից։ Օրինակ, թակում են քաղաքացիների դռները, գնում ճենապակի, սպասք, գրքեր և այլ ապրանքներ` վերավաճառելու նպատակով։ Կամ անտառից հավաքած բերք ու բարիքն են վաճառում, շատ տատիկներ էլ իրենց ձեռքով կարած կամ գործած ձեռնոցներ, բռնիչներ, գոգնոցներ են վաճառում փողոցներում, իրենց մի կտոր հացը աշխատելու համար։ Հիմա այս մարդիկ ինչպե՞ս են ձեռք բերելու այդ հաշիվ-ֆակտուրան։ Պատկերացրեք` թակել են Ձեր դուռը, Դուք նրանց անհատույց գիրք եք տվել, ու նա գնացել է։ Դու՞ք պետք է նրան հաշիվ-ֆակտուրա տրամադրեք։
-Նախ ասեմ, որ շրջածախ առևտրով զբաղվողը որևէ իրավաբանական անձի մոտ գրանցված վաճառողն է, և այս դեպքում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պարտավոր է ապահովել գործատուն։
-Դա հասկանալի է, խոսքս շրջիկ առևտրականի մասին է, որը որևէ տեղ գրանցված չէ, ուղղակի փորձում է իր գոյատևման խնդիրը լուծել։
-Այս որոշումը բխում է հենց Ձեր նշած մարդկանց շահերից։ Մեր նպատակն է կարգավորել այդ դաշտը։ Օրինակ, ես շատ անթույլատրելի եմ համարում, երբ կարմիր լույսի տակ մոտենում են մեքենաներին ծաղիկներ կամ անձեռոցիկներ առաջարկում։ Այդ գործունեությունը անթույլատրելի է, ճանապարհային երթևեկության կոպիտ խախտում է և շեղում է վարորդի ուշադրությունը։
-Ձեր այդ դիտարկումը տեղին է, սակայն այս որոշման հետ չի առնչվում, դա թողնենք ճանապարհային ոստիկանությանը և երկու հարց իրար չխառնենք։ Հիմա իմ նշած մարդիկ որտեղի՞ց են ձեռք բերելու հաշիվ-ֆակտուրա։
-Հաշիվ-ֆակտուրան կարող են ձեռք բերել հարկային մարմիններից։ Եկեք ֆիքսենք մի բան. որպեսզի շրջիկ առևտուրը իրականացվի քաղաքակիրթ ձևով, սահմանել ենք հստակ վայրեր և պայմաններ։ Ավագանու որոշմամբ` շրջածախ առևտուր թույլատրվում է իրականացնել այգիներում, պուրակներում, որոշ փողոցներում, դրանք հատ-հատ թվարկված են։ Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոնի և հաշիվ-ֆակտուրայի տրամադրմանը, մեկ անգամ ևս ընդգծեմ, որ դա «Հարկային օրենսգրքի» պահանջ է։ Եթե խոսենք իրական կյանքից, ապա պետք է ասեմ, որ 2019-ից Երևանի տարբեր վարչական շրջաններում մեր կողմից իրականացված բազմաթիվ շրջայցերի ընթացում զրուցել ենք շրջիկ առևտուր իրականացնողների հետ։ Հյուսիսային պողոտայում փուչիկ վաճառողները մեզ խնդրել են տալ իրենց իրավական կարգավիճակ։ Այսինքն, պետք է հասկանանք, որ առևտրով զբաղվող անձը ևս ունի իրավունքների պաշտպանության պահանջ։ Ի դեպ, այս խնդրի լուծման պահանջով դիմել են մեզ ոչ միայն փուչիկ վաճառողները, այլև գիրք վաճառողները։
-Առաջին անգամ եմ լսում, որ մարդն ինքնակամ խնդրի, որ իրեն հարկեն։
-Իրենք չեն ասել` մեզ հարկեք, նրանք օրինական դաշտում իրավական կարգավիճակ ստանալու խնդրանքով են մեզ դիմել։ Եվ հետո, մենք հարկող մարմին չենք։ Ի դեպ, եթե մարդը ձևակերպվում է որպես իրավաբանական անձ կամ ԱՁ, դա չի նշանակում, որ նրան անմիջապես հարկելու են. կան բազմաթիվ գործարարներ, որոնք ազատված են հարկային պարտավորություններից։
-Պարոն Սաֆարյան, մինչ ավագանին կընդուներ այս որոշումը, հաշվարկե՞լ եք` որքան մարդ է զբաղվում շրջիկ առևտրով, որքա՞ն եկամուտ է ստանում, և այս որոշումն իրականացնելուց հետո որքանո՞վ կավելանա կամ կնվազի նրանց եկամուտը։
-Մարդկանց եկամուտը, ապրանքաշրջանառությունը ֆիքսելու մեխանիզմներ, պարտականություն և գործառույթ մենք չունենք։
-Այո, բայց նման որոշումը կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել հենց մայրաքաղաքցիների համար, ովքեր զբաղվում են այդ առևտրով։ Գուցե որոշումը կայացնելուց առաջ պետք էր իրավասու մարմինների հետ աշխատե՞լ։ Վերջապես քաղաքապետարանը իր քաղաքացու համար այդ հաշվարկները պետք է աներ։
-Եթե հարցին մոտենանք այս կամ այն անձի եկամուտների հնարավոր նվազման մտահոգությամբ, ապա անգործության կմատնենք օրեսնդրությունը։ Եթե օրենքի հետ անընդհատ խառնենք սենտիմենտալ հարցեր, օրենքները չեն գործի։ Եվ հետո, պետք չէ Ձեր նշած սոցիալական խավը ներկայացնել այդքան անպաշտպան, որը չի կարող նույնիսկ հասարակ հաշիվ-ֆակտուրա ներկայացնել։ Մարդիկ գործարարությամբ են զբաղվում, և նրանց մեջ կան շատ երիտասարդներ ովքեր գործից հետո երեկոյան փուչիկ են վաճառում։ Այդ երիտասարդին մենք հնարավորություն ենք տալիս օրինական թույլտվություն ստանալ, ինչի արդյունքում պաշտպանված կլինեն և՛ նրա, և՛ սպառողի իրավունքները։ Ի դեպ, չէ՞ որ փողոցային առևտուրը ժամանակին կարգավորվեց, և մենք վերահսկողությունը պահում ենք։ Այսօր այդ գործընթացը տվեց իր դրական արդյունքները։ Այսօր էլ մենք հարցը կարգավորում ենք, իհարկե եթե խտացնենք գույները, ապա դա կարելի է ներկայացնել որպես լրացուցիչ բեռ, բայց գույները խտացնելու կարիք չկա։
-Առանց գույները խտացնելու՝ որքա՞ն է կազմելու քաղաքապետարանի սահմանած պետտուրքը այդ անձանց համար։
-Ֆինանսական բեռը, որպես այդպիսին, չնչին է լինելու։ Նորություն չէ, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք հարկեր և տուրքեր վճարել, որոնք վերջին հաշվով վերադառնում են մեզ՝ քաղաքացիներիս։ Եվ երբ մտահոգություն եք հայտնում սոցիալական խնդրի առաջացման հետ կապված, պետք է վստահեցնեմ Ձեզ, որ այդ առումով մեր օրենսդրությունը բավականին ճկուն է և կարողանում է տրամադրել արտոնություններ։ Ավագանու այս որոշման ներդրումից որոշ ժամանակ անց մենք կուսումնասիրենք իրավիճակը, և անհրաժեշտության դեպքում այն խավը, որը նման կարիք կունենա, կթիրախավորվի, կսահմանենք տեղական տուրքերի մասով ավելի մատչելի դրույքաչափեր։
-Օրինակ, տատիկը, որն իր ձեռագործն է վաճառում փողոցում, արտոնություն կստանա՞։
-Ոնց պտտվում ենք, տատիկի կողքին ենք հայտնվում։
-Դե, Դուք փուչիկ վաճառողի շուրջն եք պտտվում, ես էլ տատիկին եմ օրինակ բերում։
-Առաջին հերթին` տատիկը չպետք է փողոցում նստի ու ինչ-որ բան վաճառի, դա տատիկի համար չէ։
-Դե, եթե տատիկի թոշակը բավարարեր, ինքը սիրով տանը կնստեր։ Եվ որտե՞ղ նստի տատիկը, իր ձեռագործերի համար խանու՞թ բացի, թե՞ խանութին հանձնի։
-Ոչ խանութ բացի, ոչ էլ խանութին հանձնի։ Մենք վաճառքի համար վայրեր ենք սահմանում, տոնավաճառներ կազմակերպում՝ գյուղմթերքի շուկաների օրինակով։
-Պարոն Սաֆարյան, ի՞նչ եք կարծում, այս որոշումը սոցիալական լարվածություն չի՞ առաջացնի, ինչն ինքնաբերաբար կստեղծի քաղաքական լարվածություն։
-Կյանքում ամեն բան փոխկապակցված է, սակայն եկեք հարցին այլ տեսանկյունից նայենք։ Երբ ապամոնտաժում ենք որևէ ապօրինի կրպակ, այդ ընտանիքում սոցիալական դժգոհություն է հասունանում, բայց հասարակության մի լայն զանգված էլ այն գոհունակությամբ է ընդունում։ Մարդիկ տեսնում են, որ իրենց ընտրած մարմինը գործում է հավասարապես բոլորի համար։ Կարծում եմ` պետք է շրջանցենք այն մտավախությունը, որ մի քանի հոգի կարող են մեզնից նեղանալ։ Մենք պետք է շարժվենք օրենքով և պաշտպանենք օրենքը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ